Դիջիպատում 2013

2013 թվականը իմ կրթահամալիրյան աշխատանքային գործունեության մեջ նշանավորվեց նրանով, որ  «Իմացումի հրճվանք» ծրագրի առաջին շրջանավարտներն ունեցա:  Որպես «Իմացումի հրճվանք» ծրագրի ելք և ամփոփում՝ «Դպիր» ամսագրում ներկայացրել եմ «Թումանյանը 1-4-րդ դասարաններում»  հրապարակումը: Մեր դիջի-ճանապարհը բեղուն էր: Չորս տարիների ընթացքում,  Դիջիթեքից Դիջիթեք, սովորողների հետ համատեղ ձեռք ենք բերել դասարանական թվային միջոցներ՝ ականջակալներ, ձայնագրիչ, ֆոտոխցիկ (որպես մրցանակներ): Այլ մրցանակների էլ ենք արժանացել՝ մեկօրյա ճամփորդություններ, անհատական մրցանակներ տարբեր անվանակարգերում:

2013-ի հաջողված նախագծերից կարող եմ նշել «Բզեզի դպրոցը» ուսումնական նախագիծը: Այժմ, երբ հետադարձ հայացքով վերլուծում եմ այն, համոզվում եմ, որ նախագիծն ավելի ամբողջական կլիներ, եթե ուսումնական ճամփորդությունների ընթացքում ուսումնասիրեինք, գտնեինք այն բոլոր խոտաբույսերը, որոնք թվարկված են ստեղծագործության մեջ և մեր կազմած տեղեկատու-ընթերցարանը զարդարեինք հենց մեր ստեղծած ֆոտոշարքերով:

Ձեռքբերում եմ համարում սովորող-ուսուցիչ-ծնող համայնքի արդյունավետ աշխատանքը: Երբ փոխադարձ վստահություն և ջերմություն կա՝ ամեն ինչ լավ է ստացվում: 2013-ին, մեր համատեղ գործունեության արդյունքում են ստեղծվել  «Պոչատ աղվեսը» աուդիոգիրքը, «Կրթահամալիրի այբուբենը»:

Նոր ուսումնական տարին սկսել եմ նոր առաջին դասարանի հետ: Աշխատում ենք նախագծերով: Ստացվել է այնպես, որ մեր յուրաքանչյուր նախագիծ մի իսկական, յուրօրինակ դիջիպատում է՝ Խոսում են տիկնիկները, Տիեզերք, Ես սեբաստացի եմ, Խնկոյանական օրեր, Ամանոր, Ձմեռային ճամբար: Ընդհանրապես, 6 տարեկան երեխան սիրում է խոսել: Եթե ուշադիր լինենք, հետևենք նրա խոսքին, կհասկանանք, որ այն շատ «լուրջ» է և միշտ մտորումների, նոր գաղափարների, մտահղացումների տեղիք է տալիս: Համոզված եմ, որ 2014-ը  բեղմնավոր կլինի մեզ համար և շատ նոր գաղափարներ կյանքի կկոչվեն:

Կարծիք ավելացնել