«Բզեզի դպրոցը» որպես ուսումնական նախագիծ

Ուսուցման ժամանակակից մեթոդների հիմքում ուսուցման գործընթացում սովորողի ինքնուրույնությունն է, նրա անմիջական, ակտիվ մասնակցությունը այդ գործընթացին: Համագործակցային ուսուցման ժամանակ սովորողը պասիվ ընկալողից վերաճում է հայտնագործողի, հետազոտողի, հետաքրքրասերի: Կրթահամալիրի Կրտսեր դպրոցի ուսումնական ծրագրի կարևոր գործառույթներից մեկը հետազոտական, ստեղծագործական աշխատանքի խթանումն է: Ուսումնական  ծրագիրը իրականացվում է նախագծերով, որոնք կազմում է դասվարը: Նախագծային աշխատանքն էլ ենթադրում է սովորողի ինքնուրույն գործունեություն, որը որոշակի ժամանակահատվածում (օր, շաբաթ, ամիս) կարող է իրականացվել անհատապես, զույգով կամ խմբով:

Այս դեպքում ուսուցիչը դառնում է կազմակերպիչ, խորհրդատու, համակարգող: Նախագծային աշխատանքը համակարգելու համար արդյունավետ է կիրառել ուսուցման փոխներգործուն (ինտերակտիվ) մեթոդներ:

Փորձեմ ներկայացնել ուսուցման ժամանակակից մեթոդների կիրառմամբ դասի  մեթոդական նկարագրություն՝ «Նեթբուքն ինձ դասընկեր» ծրագրի 4-րդ դասարանում:

Թեման՝ Հովհ. Թումանյան «Բզեզի դպրոցը»:

Ընթացքը՝ Զրույցի մեթոդն  օգտագործելով՝ սովորողներին առաջադրվում են հարցեր բույսերի, միջատների մասին. ի՞նչ բույսեր եք ճանաչում, ինչպիսի՞ միջատներ գիտեք, ի՞նչ կարող եք պատմել նրանց մասին, ի՞նչ է հետաքրքրում և այլն: Այս փուլում ուսուցիչն էլ կարող է որոշ տեղեկություններ հաղորդել, ասենք, օրինակ, թե ինչ կազմակերպված ու հետաքրքիր է մրջյունների կյանքը, ինչպես կարող է բույսը բուժել, ինչպես կարելի է բույսերի միջոցով կռահել օրվա ժամը, եղանակը և այլն: Զրույցի մեթոդի շնորհիվ սովորողների ուշադրությունը սևեռվում է այն բանի վրա, թե ինչքան հետաքրքիր ու զարմանալի է բույսերի ու կենդանիների աշխարհը:

Դրանից հետո սովորողները բացում են  էլեկտրոնային հասցեները, որոնց վրա ուսուցիչը նախապես ուղարկել է բանաստեղծությունը: Սովորողներն իրենց անհատական նեթբուքերով էլեկտրոնային հասցեից ներբեռնում են այն և ընթերցում:

Հաջորդ փուլում նպատակահարմար է կիրառել փոխներգործուն գրառումների համակարգ մեթոդը, որն արդյունավետ է կարդալու միջոցով նյութի ընկալման ընթացքը վերահսկելու համար: Ընթերցելով նյութը՝ սովորողները նշումներ են կատարում: Ուսուցիչը հանձնարարում է բանաստեղծության մեջ հանդիպող ծանոթ բույսերն ու կենդանիները ներկել դեղին գույնով, իսկ անծանոթները՝ կարմիր:(Կարծում եմ, նեթբուքով աշխատելիս ավելի հարմար է V, + նշանների փոխարեն օգտագործել ներկելը:)

Կրտսեր դպրոցի սովորողների հետ աշխատելիս նպատակահարմար է օգտագործել ՓԳՀ-ի երկու կամ երեք նշաններ:

Այնուհետև կարելի է կազմակերպել զույգերով, խմբերով մտքերի փոխանակություն, նյութի քննարկում կամ բանավեճ: Քննարկվում են բոլոր ծանոթ բույսերն ու միջատները, յուրաքանչյուրը պատմում է իր իմացածը: Էլեկտրոնային գրատախտակին երկու խմբով գրում ենք ծանոթ և անծանոթ բույսերի և միջատների անունները:

Ուսուցիչն առաջարկում է ուսումնասիրություն սկսել բանաստեղծության մեջ հանդիպող բոլոր բույսերի և միջատների մասին:

Այս փուլում նպատակահարմար է կիրառել խճանկարի մեթոդը: Խճանկարը համագործակցային ուսուցման մեթոդ է, որի կիրառության ժամանակ սովորողները խորամուխ են լինում ուսումնական նյութի որոշակի հատվածի, որոշակի հիմնախնդիրների մեջ և դրանք ուսուցանում իրենց ընկերներին:

Սովորողները բաժանվում են հենակետային խմբերի: Խմբի յուրաքանչյուր անդամ դառնում է որևէ ենթաթեմայի փորձագետ: Փորձագետներն ուսումնասիրում են իրենց ենթաթեման, հավաքում են տեղեկատվություն:

Խմբերը կարող են ձևավորվել մի քանի եղանակներով: Ուսուցիչը յուրաքանչյուր խմբի տալիս է հանձնարարություններ: Մի խումբը տեղեկություններ է հավաքում խոտաբույսերի մասին, մյուսը՝ ծառերի, երրորդը՝ միջատների, չորրորդը՝ մրգերի,բանջարեղենի ու հատապտուղների մասին:

Դասվարը սովորողներին բացատրում է բառարաններից, համացանցի որոնողական համակարգերից օգտվելու կարգը, առաջարկում է ներգրավել ծնողներին, ընտանիքի մյուս անդամներին՝ օգնելու օտարալեզու կայքերից կամ գրականությունից օգտվելու համար: Աշխատանքի կատարման համար տրվում է որոշակի ժամանակ:

Խմբի անդամները աշխատանքի բաժանում են կատարում: Էլեկտրոնային փոստի միջոցով խմբի յուրաքանչյուր անդամ մյուսներին է ուղարկում իր աշխատանքը: Երբ աշխատանքն ավարտուն տեսք է ստանում, ներկայացնում են ամբողջ դասարանին: Բոլոր աշխատանքները տեղադրվում են դասարանական բլոգի համապատասխան էջում: Վերջին փուլը ընթերցարան-տեղեկատուի ստեղծումն է: Բոլոր աշխատանքները ի մի են բերվում մեկ ընդհանուր էլեկտրոնային գրքի մեջ, որը կարելի է ներկայացնել Powerpoint ծրագրով: Յուրաքանչյուր բույսի, միջատի անվանման վրա տեղադրվում է բլոգի համապատասխան հղումը: Արդյունքում ստացվում է հետաքրքիր, նկարազարդ, տեղեկություններով լի էլեկտրոնային ընթերցարան՝ «Բզեզի դպրոցը»:

Ակնկալվող արդյունքներ.

ü  նյութի բազմակողմանի և խորը ուսումնասիրություն

ü  հոգատար վերաբերմունք շրջապատող բուսական և կենդանական աշխարհի նկատմամբ

ü   բառարաններից, համացանցից, հանրագիտարաններից, գրքերից տեղեկություններ հավաքելու հմտությունների ձևավորում

ü  հաշվետու լինելու կարողության և անձնական պատասխանատվության ձևավորում

ü   հաղորդակցման հմտությունների ձևավորում

ü  համագործակցային մթնոլորտի ստեղծում

ü  զարգանում է սովորողի պատասխանատվության զգացումը, միմյանց հաշվետու լինելու հատկությունը՝ խմբի ընդհանուր հաջողությունն ապահովելու հարցում:

Վերջում ուզում եմ ավելացնել, որ ուսուցման ժամանակակից մեթոդներից շատերն ինքնաբերաբար օգտագործում ենք ուսումնական գործընթացի ընթացքում՝ շատ հաճախ չիմանալով նույնիսկ մեթոդի անվանումը:

 

7 комментариев в “«Բզեզի դպրոցը» որպես ուսումնական նախագիծ

  1. Уведомление: Լուսինե Պետրոսյան

  2. Уведомление: Դիջիպատում 2013 | Մեդիամանկավարժական բլոգ

  3. Уведомление: Մայրենի լեզուն 4-րդ դասարանում « Մարինե Ամիրջանյան

  4. Уведомление: Ծրագիր 4-5 դասարան | Մարգարիտ Հարությունյան

  5. Уведомление: Մայրենի լեզուն 4-րդ դասարանում | Մարինե Ամիրջանյան

  6. Уведомление: Մայրենի լեզուն 4-րդ դասարանում | Մարինե Ամիրջանյան

Կարծիք ավելացնել